Իրանը կկառուցի Հայաստանի հետ սահմանին գտնվող 60 կմ երկարությամբ երկաթուղին՝ ՖԱՐՍ գործակալությանը հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։ Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ նախագծերին՝ դեսպանը նշել է, որ շարունակվում է Վրաստանի սահմանից Մեղրի ձգվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը, որի շնորհիվ Հայաստանը կարող է Պարսից ծոցի շրջանը կապել Սև ծովին։ Հարցին, թե ինչն է խանգարում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը, Թումանյանը նշել է. «Պետք է կառուցել մի քանի հարյուր կմ ձգվող երկաթգիծ, իսկ դրա համար միլիարդավոր դոլարների ներդրումներ են անհրաժեշտ։ Երբ լուծվի ֆինանսավորման հարցը, երկաթուղին կկառուցվի։ Ակնհայտ է, որ Իրանը պատժամիջոցների տակ է գտնվում, և ներկայումս Իրանի համար բարդ է սկսել երկաթուղու շինարարությունը»։ Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարներին և ընդգծելով Հայաստանի դերը՝ դեսպան Թումանյանը ասաց. «Երևանը ցանկանում է կապել Իրանն ու ԵԱՏՄ-ն, որի անդամները նույնպես շահագրգռված են Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելու հարցում»։ Իրանում Հայաստանի դեսպանը նաև անդրադարձել է Մեղրիի ՀԷԿ-ի և երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցին։ Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունները բանակցում են էլեկտրահաղորդման գծի գործարկման և Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հարցերով։ Դիվանագետը նշել է, որ էլեկտրահաղորդման գծի գործարկումից հետո Հայաստանը կմեծացնի Իրանից ներկրվող գազի քանակը։